Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ո՞Ւմ է խոցում ամերիկյան արտաքին քաղաքականության «փափուկ զենքը»

Ո՞Ւմ է խոցում ամերիկյան արտաքին քաղաքականության «փափուկ զենքը»
22.05.2009 | 00:00

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական ծառայության նախկին լրագրող Աննա Կարապետյանի սկսած դատական գործընթացին։ Ըստ Ա. Կարապետյանի՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» իրավապաշտպան ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում խախտվում են ոչ ամերիկացի աշխատակիցների իրավունքները, և նրանց նկատմամբ ազգային խտրականություն է կիրառվում: Բոլոր հրավիրյալ աշխատակիցները, որոնց գերակշռող մեծամասնությունը լրագրող է, ստորագրում են ստանդարտ աշխատանքային համաձայնագիր, ինչը ղեկավարվում է ամերիկյան օրենքներով: Ռադիոկայանի ղեկավարությունը փայլուն գիտի, որ 1991 թվականից հետո ԱՄՆ-ից դուրս գործող ամերիկյան հիմնարկներում աշխատող ոչ ամերիկացիների վրա ամերիկյան օրենքները չեն տարածվում: Սա չի խանգարում, որ ռադիոկայանի ղեկավարությունը ոչ ամերիկացի աշխատակիցների հետ նման համաձայնագրեր կնքի` նրանց ի սկզբանե զրկելով որևէ իրավունքից: Չեխ աշխատակիցների համաձայնագրերը ղեկավարվում են չեխական օրենքներով:
Մեզ հետ զրույցում ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հետևյալ պարզաբանումները տվեց.
-Այս պահին ես սպասում եմ Չեխիայի Գերագույն դատարանի որոշմանը: Դիմել եմ այս ատյանին` որպես անհրաժեշտ քայլ, քանի որ մինչև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան դիմելն անհրաժեշտ է, որպեսզի երկրի ներսում սպառվեն դատական բոլոր ատյաններում հարցին լուծում տալու հնարավորությունները: Չեխիայի դատարաններում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, ի դժբախություն իրեն ու Չեխիայի Հանրապետության, հաղթում է մեր դատական գործերում: Ինչո՞ւ եմ ասում՝ «ի դժբախտություն» իրենց: Քանզի այդ «հաղթանակներն» ամոթի անջնջելի խարան են ու մեծ հարված ռադիոկայանի վարկին ու հեղինակությանը, միևնույն ժամանակ ծաղր Չեխիայի ինքնիշխանության հասցեին:
Խնդիրն այն է, որ Չեխիայում դեռևս ուժի մեջ է 1963 թվականի մի օրենք, որի համաձայն որևէ օտարերկրյա կազմակերպություն Չեխիայում կարող է գործել իր երկրի օրենքներով, եթե դրանք չեն հակասում «Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության սկզբունքներին»: Այո՛, կոմունիզմի կառուցումն իբրև հիմնական սկզբունք որդեգրած երկրի օրենքը դեռևս գործում է թավշյա հեղափոխությամբ նոր պատմություն սկսած Չեխիայում: Ժամանակին Չեխոսլովակիան, թերևս, ստիպված է եղել նման օրենք ընդունել, որպեսզի խորհրդային օրենքները գերակայություն ունենան այդ երկրում: Հիմա, իբրև ճակատագրի հեգնանք, այդ օրենքից օգտվում է խորհրդային կայսրության ու դրա արբանյակ-պետությունների գաղափարախոսության դեմ աշխատելու համար հիմնադրված ամերիկյան ռադիոկայանը: Չեխիայի դատարանները փաստորեն կաշկանդված են գոյություն չունեցող պետության օրենսդրական մնացուկներով:
Իսկ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում, որտեղ պատասխանատուն արդեն Չեխիան է, ոչ թե (կամ ոչ միայն) ռադիոկայանը, շատ բարդ է լինելու ապացուցել, որ այդ օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական հիմնարար սկզբունքներին, հատկապես երբ առկա է պայմանագրային միտումնավոր ծրագրված խարդախությունը կոծկելու փաստը: Կարծում եմ` նաև անհնար է լինելու որևէ բացատրություն տալ, թե ինչպես է հնարավոր Եվրոպայի կենտրոնում, Եվրամիության անդամ պետության դատարանում նորմալ գնահատել առանց որևէ պատճառի կամ բացատրության հարյուրավոր լրագրողների աշխատանքից հեռացնելու փաստը՝ պատճառաբանելով, թե դա չի հակասում «Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության սկզբունքներին»: Անհնար է լինելու բացատրություն տալ, թե ինչպես կարող է իրավապաշտպան ռադիոկայանը միտումնաբար իրավական վակուում ստեղծել իր աշխատակիցների համար, հատկապես նրանց, ում ձայնով ամեն օր ժողովրդավարական արժեքներ է հեռարձակում տասնյակ երկրներ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից` հարցրինք Աննա Կարապետյանին։
-Ամենևին չեմ կասկածում, որ Ստրասբուրգում մեր հաղթանակն ապահովված է, ինչից հետո Չեխիան, ամենայն հավանականությամբ, պետք է ամենաբարձր մակարդակով քննության առնի նախկին կոմունիստական վարչակազմից մնացած օրենսդրության վերանայման հարցը: Ընդ որում, խնդիրը գուցե ավելի վաղ լուծում ստանա, քանի որ Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Վացլավ Էքսները հարցապնդում է ներկայացրել կառավարությանը՝ Չեխիայի Հանրապետությունում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներով: Չեխ պատգամավորն իր մտահոգությունը հայտնել է նաև մայիսի 14-ին «ՀԱԼՈ» թերթում հրապարակած իր նյութում, որը հարցական նշանով վերնագրված է այսպես՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը սեփական իրավունքով գործում է գաղութ Չեխիայի Հանրապետությունո՞ւմ»:
Բնականաբար, չեխ բազում քաղաքական գործիչների, նաև նախագահ Վացլավ Կլաուսին, անհանգստացնում է այն փաստը, որ իրենց սեփական երկրի դատարաններում գերակա է դառնում այլ երկրի օրենքը, չեխ դատավորը չեխական դատարանում մի կողմ է դնում Չեխիայի օրենքն ու փորձում դատը վարել ԱՄՆ-ի օրենքներով, որոնց մասին գաղափար անգամ չունի: ՈՒղղակի իբրև զավեշտ ասեմ, որ առաջին ատյանի դատարանի դատավորն ինձ՝ հայցվորիս, խնդրեց, որ ես հետազոտություն կատարեմ ու դատարանին ներկայացնեմ ամերիկյան աշխատանքային օրենքները, որպեսզի ինքը կարողանա վարել իմ հայցով սկսված դատը: Իսկը Շվեյկին արժանի իրավիճակ:
Չեխիայի դատարաններում քննության չի առնվել այն հարցը, որ ամերիկյան օրենքները չեն տարածվում օտարերկրացիների վրա, դա կանի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը: Հարցն այն չէ` ինձ կամ հարյուրավոր այլ աշխատակիցների արդա՞ր են հեռացրել աշխատանքից, թե՞ քմահաճորեն: Հարցն այն է, որ այդ վճիռը բողոքարկելու հնարավորությունից ռադիոկայանի օտարերկրացի (ոչ ամերիկացի) աշխատակիցները զրկված են:
Զուգահեռաբար ես և Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանը դիմել ենք Միացյալ Նահանգների գլխավոր դատախազին` «Ազատություն/Ազատ Եվրոպա»-ի և դրա վերադաս մարմին Հեռարձակող տնօրենների խորհրդի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելու խնդրանքով: Մենք մեղադրում ենք այս կառույցներին օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ աշխատանքային պայմանագրերով ազգային խտրականության նպատակով միտումնավոր խարդախություն կատարելու մեջ:
Ի դեպ, Միացյալ Նահանգներում անցկացված սոցիոլոգիական մի հարցման համաձայն` Հեռարձակող տնօրենների խորհուրդը համարվել է աշխատողների նկատմամբ վերաբերմունքի առումով ֆեդերալ ամենավատ կառույցը: Այդ մասին «Վաշինգտոն փոստն» է տեղեկացրել: Ներկայումս գործող Հեռարձակող տնօրենների խորհրդում ընդամենը 5 անդամ է մնացել՝ իննի փոխարեն: Ընդ որում, հինգերորդն ի պաշտոնե ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Առանց նրա խորհուրդը որևէ որոշում չի կարող կայացնել: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կձևավորվի նոր խորհուրդ, որի անդամներից չորսին նշանակելու է ԱՄՆ-ի նախագահը: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե որքան են լուրջ Ամերիկայի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու Բարաք Օբամայի նախընտրական ծրագրերը: Ամերիկայի դեմքը շատ ու շատ երկրներում պայմանավորվում է ամերիկյան զանազան կազմակերպություններով, իսկ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հայելին է, ավելին, ռադիոկայանի ղեկավարության գնահատականով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության «փափուկ զենք»:
ՈՒստի այդ «զենքը» չպետք է խոցի տիրոջն ու աշխատի «զենքը» կրողի դեմ, մարդու իրավունքների հարցերում Ամերիկայի արտաքին քաղաքականության դեմ: Սրա համար չէ ԱՄՆ-ի Կոնգրեսը տարեկան մոտ 90 միլիոն դոլար հատկացնում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին:
Կարծում եմ, որ նոր ձևավորվելիք Հեռարձակող տնօրենների խորհուրդն ու դրանից հետո նաև «Ազատություն/Ազատ Եվրոպայի» նոր ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանեն՝ իրադրությունից պատվով դուրս գալու համար:
Մեզ հետաքրքրեց նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի տեսակետը հայկական մամուլում ռադիոկայանի շուրջ հրապարակումների մասին։ Ըստ պարոն Թամրազյանի՝ այդ հոդվածները միակողմանի են և ոչ մի կերպ չեն արտացոլում «Ազատության» տեսակետը։ Նա համաձայն չէ, որ նման հրապարակումները հարվածում են ռադիոկայանի վարկին և հեղինակությանը։ «Մեր հեղինակությունը որոշում է ունկնդիրը` մեր ծրագրերի հիման վրա»,- նշեց հայկական ծառայության տնօրենը։ Նա համաձայն չէ նաև այն պնդումներին, թե ռադիոկայանի աշխատակիցներն իրավազուրկ են։ «Ինչպե՞ս են իրավազուրկ, ես չեմ հասկանում։ Իրավազուրկ են նրա համար, որ մի քանի անգամ ավելի շա՞տ աշխատավարձ են ստանում, քան պետական լրատվամիջոցների աշխատակիցները, որ աշխատանքային պայմանների առումով ավելի ապահովվա՞ծ են, քան մյուս աշխատողները, որ ավելի շատ արձակո՞ւրդ ունեն, քան մյուս բոլոր լրատվամիջոցները միասին վերցրած»,- տարակուսեց Հրայր Թամրազյանը։
Ի դեպ, խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան տիկին Մարի Յովանովիչին։ Այդ մասին՝ հաջորդիվ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ